«Մենք միշտ համախմբված ենք եղել և միշտ կլինենք»՝ այս խոսքերով մեզ դիմավորեցին ջրհեղեղից տուժած գյուղերի բնակիչները։ Եվ դա իսկապես այդպես է։
Հունիսի 27-ին Ռուսական մարդասիրական առաքելությունը և մեր հիմնադրամի տնօրեն Անի Միշելը մեկնեցին Լոռու մարզ՝ աջակցելու ջրհեղեղից տուժած մարդկանց։
Մեր առաջին կանգառը Քարկոփ գյուղն էր՝ ամենաշատ տուժած վայրը։ Բնակիչների խոսքով՝ այստեղ ջրի մակարդակը բարձրացել էր հողից 1.5 մետր։ Մենք բաժանեցինք 500 մարդասիրական օգնության փաթեթ՝ ստանալով տեղացիների խորին շնորհակալություն։
Հաջորդ կանգառը Ախթալայի պոլիկլինիկան էր։ Այս բուժհաստատությունը սպասարկում է 4 գյուղ, ուստի, ըստ նրանց անհրաժեշտության, մենք տրամադրեցինք գեներատոր, որպեսզի հոսանքազրկման դեպքում հաստատությունը կարողանա շարունակել մարդկանց անխափան բուժօգնություն ցուցաբերել։
Վերջում մենք օգնության մնացած փաթեթները տեղափոխեցինք ժամանակավոր պահեստ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր չէին կարողացել ստանալ օգնությունը, կարողանային վերցնել այնտեղից։
Թեև Լոռու մարզ այցելության պատճառը տխուր էր, մենք անսահման ուրախ ենք, որ կարողացանք աջակցել և սատարել ջրհեղեղից տուժածներին։
Միայն օգնելով միմյանց՝ մենք կարող ենք գտնել իսկական երջանկությունը, քանզի ամենամեծ օրհնությունն այն է, ինչ անում ենք միմյանց համար։ Եկեք միասին բարին ստեղծենք և զորացնենք մարդկանց սրտերը։